Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Շատերն աշխատում են, քչերը` վայելում»

«Շատերն աշխատում են, քչերը` վայելում»
30.01.2014 | 13:48

Հունվարի 22-26-ին Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովում, «Օքսֆամ ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Վիննի Բիյանիման հանդես է եկել «Շատերն աշխատում են, քչերը` վայելում» զեկույցով: Ակտիվիստ, մարդու իրավունքների ջատագով Վ. Բիյանիմայի ներկայացմամբ՝ 85 մարդու ձեռքում այսօր կուտակված է նույնքան կարողություն, որը համարժեք է աշխարհի ողջ բնակչության աղքատ կեսի կարողությանը: Զեկույցում, նա, մասնավորապես, ասում է.

«Ֆինանսական ճգնաժամից դուրս գալով՝ համաշխարհային տնտեսությունն ամրապնդվում է: Աշխարհում մարդկանց մեծ մասը դեռևս չի կարողանում օգտվել իրենց դրությունը բարելավելու և բարեկեցության հասնելու հնարավորություններից: Փոխարենը, չնչին թիվ կազմող էլիտար խավը գնալով ավելի ու ավելի է յուրացնում աճով պայմանավորված գերշահույթները: Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր 85 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը համարժեք է աշխարհի բնակչության կեսի կարողությանը:
Միացյալ Նահանգներում ամենահարուստ դեցիլային խմբում ընդգրկված մեկ տոկոսի եկամուտների բաժինն ընդհանուր եկամուտներում ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել` Մեծ ճգնաժամի սկզբից ի վեր: Հնդկաստանում միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում տասնապատկվել է: Եվրոպայում աղքատները պայքարում են հետճգնաժամային վերականգնողական գործընթացով պայմանավորված խիստ խնայողության քաղաքականության դեմ, մինչդեռ ներդրողները բանկային փոխառությունների միջոցով շահույթներ են ստանում: Աֆրիկայում վերջին տասնամյակում ռեսուրսային բում է արձանագրվել, սակայն մարդկանց մեծամասնությունը շարունակում է մի կերպ հայթայթել ամենօրյա սննդի, մաքուր ջրի և առողջապահության համար անհրաժեշտ միջոցները:
Անհավասարության խնդիրն իր չափերով հասել է համաշխարհային մակարդակի: Նախագահ Օբաման այն սահմանել է որպես ԱՄՆ կառավարության 2014 թ. գերակայություն: Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով՝ չափազանց մեծ թվով երկրներում աճով պայմանավորված շահույթներից օգտվում են միայն չափազանց փոքր թվով մարդիկ: Այս շաբաթ Դավոսում գումարվող Համաշխարհային տնտեսական համաժողովը տնտեսական անհավասարությունը դիտարկել է որպես մարդկային զարգացմանը սպառնացող լրջագույն ռիսկ, և գտել, որ այն թուլացնում է սոցիալական կայունությունը և համաշխարհային մակարդակով վտանգում անվտանգությունը:
Լայն հանրությունն արդեն գիտակցում է, որ հարստության ծայրահեղ կուտակումների փաստը միայն բարոյական հարթությունում գտնվող հիմնախնդիր չէ. այն նաև խոչընդոտում է կայուն տնտեսական աճին՝ է՛լ ավելի բարդացնելով աղքատության նվազեցումը: Ներկայումս հարկ է ընդունել, որ ծայրահեղ եկամտային անհավասարությունը վտանգավոր է այնքանով, որ այն նաև սպառնում է թուլացնել ժողովրդավարական կառավարման հիմքերը:
70 տարի շարունակ Օքսֆամն աշխատում է ավելի քան 90 երկրում` պայքարելով աղքատության և անարդարության դեմ: Մենք անձամբ ականատես ենք եղել, թե ամենահարուստ անհատներն ու խմբերն ինչպես կարող են հասարակության մնացած մասից խլել քաղաքական իշխանությունը: Ռեսուրսների ծավալուն կուտակումներն էական սպառնալիք են քաղաքական և տնտեսական համակարգերի համար:
Թե՛ հարուստ, և թե՛ աղքատ երկրներում ցածր հարկային դրույքաչափերը, առողջապահական ու կրթական լավագույն հնարավորությունները և ազդեցությունը գնալով ավելի ու ավելի են կուտակվում ոչ միայն հարուստների, այլև նրանց զավակների ձեռքերում: Անհավասարության դեմ համատեղ ջանք չգործադրելու պարագայում արտոնությունների և զրկվածության հաղթարշավը կշարունակվի սերնդեսերունդ, իսկ հնարավորությունների հավասարությունը պատրանքի կվերածվի:
Ծայրահեղ անհավասարությունն անդառնալի չէ: Այդ իրավիճակը հեշտությամբ կարելի է շտկել: Կան հաջողության պարզ օրինակներ: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած երեք տասնամյակներում ԱՄՆ-ն ու Եվրոպան բարգավաճման գործընթացին զուգընթաց նվազեցրին անհավասարությունը: Գանայում վերջերս ընդունված «Նավթային եկամուտների կառավարման մասին» օրենքը լավ օրինակ է առ այն, թե նպատակաուղղված կանոնակարգումն ինչպես կարող է նպաստել համատարած բարգավաճմանը: Լատինական Ամերիկայում վերջին տասնամյակում անհավասարությունն էապես նվազել է հարկային դաշտի, հանրային ծառայությունների, սոցիալական պաշտպանության և արժանապատիվ աշխատանքի առաջադեմ քաղաքականության միջոցով: Այս առաջընթացի հիմնաքարը մեծամասնությունը ներկայացնող ժողովրդական քաղաքականության իրականացումն էր՝ այդ հնարավորությունը փոքրամասնությանը հանձնելու փոխարեն:
Կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն ֆինանսական գաղտնիության դեմ, ինչի արդյունքում միլիարդավոր դոլարներ են թաքցվում «հարկային դրախտներում»: Կառավարությունները պետք է առավել մեծ ներդրումներ կատարեն հանրակրթության և առողջապահության ոլորտներում: Վերջիններս պետք է համատեղ գործունեություն ծավալեն՝ ծայրահեղ անհավասարությունը բոլոր երկրներում վերացնելու համաշխարհային նպատակին հասնելու ուղղությամբ: Տնտեսական վերնախավն իր հերթին պետք է ձեռնպահ մնա սեփական հարստությունը քաղաքական շահերին ծառայեցնելու գործելակերպից, ինչի արդյունքում նսեմացվում է իրենց համաքաղաքացիների ժողովրդավարական կամքը: Նրանցից պետք է պահանջել տեղեկատվություն հրապարակել իրենց ներդրումների մասին և ապահովել, որպեսզի նրանց պատկանող կամ նրանց կողմից տնօրինվող ընկերություններում աշխատանքը լինի արժանապատիվ, իսկ վարձատրությունը՝ համարժեք: Բոլորի շահից ելնելով՝ համատեղ ուժերով պետք է հետ շրջենք այս վտանգավոր միտումը, որը սպառնում է ի չիք դարձնել աղքատության և անարդարության դեմ տարվող տևական և դժվարին պայքարը»:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ